Architecture arménienne Ճարտարապետություն
Armenian architecture 
Армянская архитектура






Պատրիկ Տոնապետյանին գրել       Կենսագրություն և Տպագրություն       Նախնական նշումներ       Բառարան
Փնտռել












                                               
        
                                     

                           Միջնադարյան Հայաստանի ճարտարապետության պատմության եզրերի պատկերազարդ բառարան

Սույն բառարանը դեռևս մշակման փուլում գտնվող նախագիծ է և վերաբերում է միջնադարյան հայ ճարտարապետությանը։ Հայաստանի դեպքում, "միջնադար" ասելով, նկատի ունենք ուշ անտիկ շրջանից, այսինքն՝ քրիստոնեության ընդունումից (4-րդ դարի սկիզբ) մինչև նոր ժամանակները՝ 17-19-րդ դարերն ընկած ընդգրկուն ժամանակաշրջանը: Սա մոտ մեկուկես հազարամյակ տևած յուրահատուկ ժամանակահատված էր, երբ չնայած բազմաթիվ ցնցումներին՝ Հայաստանում հասարակական կարգերը պահպանվել են գրեթե անփոփոխ, և մշակութային, գեղարվեստական ու մտավորական կյանքն ընթացել է գլխավորապես եկեղեցու իշխանության ներքո:

Միջնադարի հայ արվեստն ընդգրկում է երեք հիմնական ոլորտ.

- ճարտարապետություն, հիմնականում՝ կրոնական, բայց նաև քաղաքացիական ու ամրոցաշինական, և շինությունների քանդակային հարդարանք,

- մանրանկարչություն և նվազ չափով՝ որմնանկարչություն,

- խաչքարի արվեստ:

Ինչ վերաբերում է կիրառական արվեստներին՝ խեցեգործություն, մանածագործություն (հատկապես գորգագործություն), ոսկերչություն և այլն, այստեղ նույնպես հայ վարպետները ստեղծել են բարձրարժեք գործեր, սակայն դրանք, զանգվածային ավերածությունների ու հափշտակությունների արդյունքում խիստ սակավաթիվ պահպանված լինելու պատճառով, համեմատաբար երկրորդական տեղ են զբաղեցնում։

Այս աշխատությունն անդրադառնում է վերոնշյալ երեք կարևորագույն ոլորտներից մեկին՝ ճարտարապետությանը։ Այն, խաչքարերի հետ մեկտեղ, ունի խորհրդանշական արժեք և բացառիկ հանրաճանաչություն, որովհետև թերևս հենց այստեղ է լավագույնս դրսևորվել հայի ստեղծագործ հանճարը։ Հայ ճարտարապետությունը ստեղծել է տպավորիչ քանակի բարձրարժեք հուշարձաններ՝ ճանաչելի իրենց տեխնիկական և գեղագիտական ինքնատիպ լեզվով։ Ահա թե ինչու այն կարևոր տեղ է զբաղեցնում համաշխարհային արվեստի պատմության մեջ և մարդկության համընդհանուր ժառանգության անբաժանելի մասն է։

Սակայն հայ ճարտարապետությունն ուսումնասիրելիս և նկարագրելիս կիրառվող բառապաշարը դժվար ըմբռնելի է և խիստ յուրահատուկ, քանի որ հաճախ վերաբերում է միայն այդ արվեստին բնորոշ տարրերի: Թյուրըմբռնման հետևանքով բազմաթիվ եզրեր սխալ են կիրառվում, ինչն ավելի է բարդացնում դրանց լիարժեք ընկալումն ու այդ հուշարձանները հնարավորինս լայն հասարակությանն ըստ արժանվույն ներկայացնելը: Եզրերի մեկնաբանության անճշտությունները, սխալներն ու տարակարծությունները խոչընդոտում են տարբեր լեզուներ ու մշակույթներ կրող հետազոտողների միջև մտքերի փոխանակմանը:

Հայ ճարտարապետության ուսումնասիրությամբ ոգևորված մի շարք ուսանողներ, դասախոսներ և մշակույթի ոլորտի աշխատակիցներ, ելնելով նման ուսումնասիրությունների եզրաբանական դժվարությունների փորձից, որոշեցին ստեղծել երկու խումբ, մեկը՝ Էքս-ան-Պրովանսում, մյուսը՝ Երևանում, և մշակել բառարան, որում կձևակերպվեն ու կբացատրվեն հայ ճարտարապետությանը բնորոշ եզրերը:

Սույն նախագիծն ունի երեք կարևոր հատկանիշ.

Ա) Այս փուլում բառարանը դեռևս ներկայանում է երկլեզու՝ ֆրանսերեն-արևելահայերեն տարբերակով, որն աստիճանաբար համալրվում է: Սակայն հետագայում նախատեսվում է այն դարձնել բազմալեզու՝ լրացնելով առաջին հերթին արևմտահայերեն, ապա անգլերեն և ռուսերեն տարբերակներով: Առայժմ բառարանի խմբագիրները ցանկանում են հայ ճարտարապետությանը հատուկ տարրերը բացատրելու համար վեր հանել առաջին երկու լեզուներում առկա հնարավորինս ճշգրիտ ու ընկալելի համարժեք եզրերը, ինչպես նաև ձևակերպել դրանց հնարավորինս պարզ, հստակ և ամբողջական սահմանումները:

Բ) Բառարանն անպայման պետք է ներառի նկարազարդումների մի ընդարձակ բաժին, քանի որ պատկերները կենսական նշանակություն ունեն բավականին ինքնատիպ ու բարդ ոլորտի առնչվող եզրերի ամբողջական ընկալումն ապահովելու համար։ Ուստի բառարանի գրեթե յուրաքանչյուր գլխաբառի տեքստային բացատրությանը կից կներկայացվեն լուսանկարներ, անհրաժեշտության դեպքում՝ նաև գծագրեր, որոնք կուղեկցվեն մանրամասն ծանոթագրություններով: Այս բաժինը դեռևս սկզբնական փուլում է:

Գ) Չբացառելով երբևէ տպագրելու հեռանկարը՝ առայժմ բառարանը տեղադրված է առցանց, ինչը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր պահի այն լրամշակել ու թարմացնել։ Ինչպես գաղափարի հեղինակները, այնպես էլ յուրաքանչյուր ընթերցող կարող են առաջարկել շտկումներ, ինչը թույլ կտա բառարանը կատարելագործել։

Պատմության ընթացքում Հայաստանը բազմիցս ենթարկվել է տարատեսակ փորձությունների, ինչպես մարդածին՝ պատերազմական հարձակումներ, արշավանքներ ու կոտորած, այնպես էլ բնածին՝ հաճախակի երկաշարժեր ու սողանքներ։ Սակայն նույնիսկ հզոր կայսրությունների աքցաններում գտնվելիս հայ ժողովուրդը չի դադարել մարտնչել իր ինքնությունը պահպանելու համար և մշտական պայքարի շնորհիվ կարողացել է փրկել իր լեզուն, կրոնն ու մշակույթը։ Մեզ հասած արվեստի այն գոհարները, որոնք մարդկային բարբարոսությունն ու բնական աղետները չեն կարողացել հողին հավասարեցնել, վկայում են լայնածավալ շինարարական գործունեության մասին, որ դարեր շարունակ ծավալել են հայ ճարտարապետները՝ համառորեն դիմակայելով տարաբնույթ ավերիչ հոսանքներին։

Գիտությունը ձգտում է վեր հանել և մանրամասնորեն ուսումնասիրել պահպանված շինությունների հատակագծերն ու հորինվածքները՝ ջանալով հնարավորինս հստակ նկարագրել դրանց առանձնահատկությունները և կատարել արժանահավատ վերլուծություններ։ Այս առաքելությունն իրականացնելու համար անհրաժեշտ է հստակ սահմանված բառապաշար, որը բոլորը նույն կերպ կընկալեն։ Սույն բառարանի հեղինակները հույս ունեն, որ այն կդառնա ուսումնասիրությունները հեշտացնող և խթանող գործիք թե՛ սկսնակ, թե՛ փորձառու հետազոտողների համար։ Հուսով ենք նաև, որ մշակութային ժառանգության պահպանման և զբոսաշրջության ոլորտի աշխատակիցները, ինչպես նաև հայ արվեստով հետաքրքվող յուրաքանչյուր մարդ, այստեղ կգտնեն բանալիներ, որոնք թույլ կտան ավելի լավ հասկանալ ու ճանաչել, հետևաբար ավելի լավ ներկայացնել Հայաստանի և միջնադարյան աշխարհի մշակույթի ամենահարուստ բաժիններից մեկը։

Բառարանի ստեղծման աշխատանքներն իրականացվում են Միջերկրածովյան միջնադարյան և նոր հնագիտության փորձարանում (LA3M, UMR 7298, AMU / CNRS)՝ Էքս-Մարսել համալսարանի պրոֆեսոր Պատրիկ Տոնապետյանի ղեկավարությամբ: Նախագծին աջակցում են հայ-շվեյցարական "ԿԱԶԱ" հիմնադրամի Երևանյան գրասենյակը և Երևանի պետական համալսարանի ֆրանսերենի ամբիոնը։

Էքս-ան-Պրովանսի աշխատանքային խմբի անդամներն են՝

Պատրիկ Տոնապետյան, նախագծի հեղինակ և ղեկավար, ֆրանսերեն տեքստերի հեղինակ, հայերեն տեքստերի համախմբագիր,

Հրայր Անուշյան, տեխնիկական խմբագիր, թվային մշակման և առցանց տեղադրման պատասխանատու,

Ֆաբյեն Կրեխենբյուլ, գիտական խորհրդատու և ճարտարապետական սխեմաների հեղինակ,

Սարգիս Դեվեջյան, խմբագրական և տեխնիկական օգնական:

Երևանի աշխատանքային խմբի անդամներն են՝

Աննա Խալաֆյան, թարգմանչուհի, Երևանում իրականացվող թարգմանական աշխատանքների համակարգող, հայերեն տեքստերի համախմբագիր,

Ազնիվ Ասլիկյան, "ԿԱԶԱ" հիմնադրամի զբոսաշրջային ծրագրերի համակարգող,

Թագուհի Ավետիսյան, արվեստաբան,

Արմինե Պետրոսյան, արվեստաբան,

Հերմինե Աթանեսյան, թարգմանչուհի,

Աննա Գաբրիելյան, թարգմանչուհի,

Սոնա Խալաֆյան, թարգմանչուհի,

Մարիամ Շահինյան, թարգմանչուհի,

Լուսինե Սաղաթելյան, թարգմանչուհի:


















Հավաքական © 2019 ԱՀԱ